Ուզու՞մ եք, որ Արսեն Թորոսյանը շարունակի մնալ Առողջապահության նախարարի պաշտոնում

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր՝ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի, անգամ եթե արտակարգ դրությունը հանվի: Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Թորոսյանը երկար ժամանակ ասածը փորձեց հստակեցնել՝ առնվազն 1-2 տարի:

Հարցին՝ արդյոք նախկինում արված որեւէ հայտարարության համար զղջացել է, նախարարը պատասխանեց. «Ես չեմ վարանում իմ սխալներն ընդունել, եթե այդպիսիք եղել են: Ինքս ուղղում եմ ինձ, օրինակ՝ դիմակների մասին: Եվ ընդհանրապես, ստերիլ պետական պաշտոնյաններ ունենալու պահանջը այդքան էլ ճիշտ չէ, եթե կա նոր հիվանդություն, եւ նրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես հնարավոր է անեմ մի հայտարարություն մեկ ամիս առաջ եւ հետո պարզվի, որ ինչ-որ բան է հայտնաբերվել եւ հայտարարությունն արդեն հավաստի չէ, եւ ես չեմ վարանի ասել, որ այդպես էլ եղել է»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ օրական հազար թեստ պետք է արվի: Նախարարը մանրամասնեց, թե ինչ չափորոշիչներով են արվելու՝ նախկինում եւ մինչ օրս գործող չափանիշները պահպանվում են, նոր չափանիշներն են՝ թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդներին,

որեւէ բուժհիմնարկում աշխատող այն բուժաշխատողներին, որոնք ունեն սուր-շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, հաստատված վարակով մորից ծնված նորածիներին, եւ մանկաբարձական ստացիոնար ընդունվող ջերմություն եւ գրիպանման ախտանշաններ ունեցող ծննդկաններ կամ հղիներ: