Ո՞ր քաղաքական գործչին եք աջակցում

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես»֊ի նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10 և վիրավորվում մոտ 300 մարդ։

Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։

Արթուր Վանեցյանը 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ: 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ։

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
2020 թվականին ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ։