Շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի. այո՛-այո՛, արտակարգ է ստացվում, դուք էլ փորձեք

Ամեն տնային տնտեսուհի կփաստի, որ խոհանոցում ամենահաճախակի օգտագործվող խմորը շերտավոր խմորն է: Ինչու գնել այն խանութից, եթե կարելի է ինքնուրույն պատրաստել, այն էլ այսպիսի հեշտ ու քիչ բաղադրիչներ պարունակող բաղադրատոմսով: Միայն թե պետք է հետևել բոլոր հրահանգներին: Դե, սկսեցինք: Մեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները` Ցորենի ալյուր՝ 600 գր, Աղ՝ 1 թ/գ, Սոդա՝ 1 թ/գ, Լիմոնի աղ՝ 1/3 թ/գ, Շաքարավազ՝ 2 ճ/գ, Ջուր՝ 320 մ/լ, Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ):

Շերտավոր խմորի պատրաստումը. Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե այնպես, որ այն մի փոքր թանձրանա:  Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք: Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է, բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Խմորը փաթաթեք գլանակաձև՝ սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը: Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին: