Կնոջդ վրա ձեռք բարձրացնելուց առաջ հիշի՛ր.անչափ խորիմաստ տողեր,որ պետք է կարդալ

Այս տողերը պետք է կարդա յուրաքանչյուր տղամարդ։ Պարզապես անտարբեր մի անցեք այս տողերի կողքով։Կնոջդ վրա ձեռք բարձրացնելուց առաջ հիշի՛ր, թե քանի անգամ ես ձեռքը բռնել ու համբուրել այտը։ Սխալներդ ներելու պարտավորությամբ նրա ուսերին ծանրանալուց առաջ հիշի՛ր, թե քանի անգամ ես դժվար պահին ձեռքդ ուսին դրել ու ասել.

—Ես քեզ հետ եմ, ամեն ինչ կհաղթահարենք միասին։ Հասարակ բառեր են, բայց ավելորդ և նույնիսկ շատ ես համարել նրան շռայլելու համար։ Հիշի՛ր, թե քանի անգամ ես դու′ նրան ներել։ Ուշ մատուցված կերակուրից դժգոհելուց առաջ հիշի՛ր, թե քանի անգամ ես անհանգստացել՝ նա հաց կերե՞լ է, թե՞ չէ։

Վառած վերնաշապիկիդ համար վրան գոռալուց առաջ հիշի՛ր, թե քանի անգամ ես մոխրացրել նրա հույսերը։ ԵՒ, երբ այդ պատճառով մի քանի րոպե աշխատանքից ուշացել ես, հիշե՞լ ես, թե քանի տարի ես նրան ուշացրել իրեն իսկական կին զգալուց, երբ նա քո կողքին մոռացվել է միայն։
Երբ բաժակն ընկել է ձեռքից ու կոտրվել, և նա արագ կռացել է փշուրները հավաքելու ու մատի ծակոցից արձակելիք «վա՜խ»-ը լեզվին սառել ու սրտից է թռել, հիշի՛ր տեսնեմ սիրտդ տեղից դուրս թռե՞լ է, թե՞ չէ, ասա՛ չե՞ս ընկել կողքին խելագարի նման ու շորիցդ անկանոն շարժումներով մի կտոր պոկելով վիրակապել ձեռքը հետո սեխմել կրծքիդ, որ լաց չլինի։

Հարգանք պահանջելուց առաջ մտածե՞լ ես, ինչ կանեիր նույն վերաբերմունքին արժանանալուց հետո։ Այդ շռայլ պահանջը ներկայացնելուց առաջ հիշի՛ր, հարգե՞լ ես դու նրան։ Անուշադրությունից բողոքելուց առաջ հիշի՛ր,ե՞րբ ես հաշվի առել,որ հիվանդ է ու ինքդ հոգացել տան հոգսերը։ Նրան ընկերներիդ մոտ հետդ վատ խոսելու համար նախատելուց առաջ հիշի՛ր,թե քանի անգամ ես նվաստացրել իրեն երեխայի առաջ։

Հիշի՛ր, թե քանի անգամ ես արարքներով բացահայտ ցույց տվել, որ միևնույն է քեզ համար ու հիմա գոռու՞մ ես վրան, երբ բազմոցին քնած ժամանակ քեզ չի ծածկել, չի ասել, որ տեղափոխվես անկողնու մեջ քնելու, իսկ գուցե նա ուրախացե՞լ է, որ գոնե գիշերը կարող է քեզանից զերծ մնալ, մտածե՞լ էիր այդ մասին։ Արցունքներ նվիրելուց առաջ հիշի՛ր, թե երբ ես վերջին անգամ սրբել դրանք, երբ քո պատճառով չեն հոսել։

Կողքիդ մնալով ընտանիքը չփրկելու համար նրան մեղադրելուց առաջ հիշի՛ր ի՞նչ որ բան, որ արել ես ընտանիքդ չքանդելու համար։ Քեզ հարց տուր՝ դա անսեր սենյակներից բաղկացած տանի՞ք էր ձեզ համար, թե՞ ընտանիք ուր տանիքը սերն է։ Առանց սիրո ընտանիք չկա՛, ինչ անուն ուզում ես տուր նույն տանիքի տակ անսեր ապրող մի քանի հոգուն բացի դրանից։ Եթե այս հուշերը օտար են քեզ ուրեմն ճիշտ է վարվել քեզ օտարելով։

Հե՜յ դու՛ հենց հիմա հավաքիր իրերդ էլ, պահանջներդ էլ ու կորի՛ր նրա կյանքից, ընդունիր այն, որ նա սիրո է արժանի։ Նա արդեն հեռացել է ինքն իրեն հարգելով, հիմա վերադարձի որպես ի՞նչ ես սպասում։ Ամենասխալ բանն է վերադառնալ այնտեղ, ուր կորցնում էիր ինքնահարգանքդ ու արժանանում անարգանքի։ Ուր ճնշում էր քեզ խաբկանքը ։

Սխալ է վերադառնալ այնտեղ, որտեղ երազանքներդ ստիպում են արխիվացնել սրտումդ, որտեղ խանգարում են քեզ թռչել, որտեղ բանտարկում են ցանկություններդ ու մոռանում, որ մարդ ես։ Սովորել է պետք չվիրակապելու այն ձեռքի վերքը, որն ապտակել է քեզ։ Նա էլ չի՛ գա, ԵՒ ճի՛շտ է դա։

Ման Էլյան

error: Content is protected !!