Կարևոր տեղեկություն. Ռուսական ավիաընկերությունները սկսել են խնդրել Հայաստան չվերթների թույլտվություն

COVID-19 համավարակի ժամանակ առաջին անգամ «Ռոսավիացիան» ներկայացրել է Տրանսպորտի նախարարությանն առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը բաշխում է արտասահման թռիչքների թույլտվությունը։ Հրապարակված նյութերի համաձայն՝ ռուսական փոխադրողները ցանկանում են իրավունք ստանալ թռչելու ոչ միայն կառավարության կողմից բացված երկրներ, այլեւ թույլտվություններ ապահովել նաեւ փակ երկրների համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Այսպես, օրինակ, չարթերային AZUR air-ը խնդրել է ՌԴ մի շարք քաղաքներից Լոնդոն, Կահիրե, Մալդիվներ կանոնավոր չվերթների թույլտվություն։ Nordwind ավիաընկերությունը Կալինինգրադ-Ստամբուլ երթուղու թույլտվություն է խնդրում։ Այս երկու ուղղությունները թռիչքների համար բաց են։

Միաժամանակ, Red Wings-ը եւ «Ազիմուտը» տարածաշրջաններից դեռեւս փակ Ադրբեջան կանոնավոր չվերթների թույլտվություն են խնդրում, NordStar-ը, «Ուրալյան ավիաուղիները» եւ AZUR air-ը՝ Հայաստան, «Ռոսիան», «Յուտեյրը», «ՌուսԼայնը»՝ Բելառուս։ Փոխադրողները նաեւ թույլտվության են հավակնում դեպի Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիպրոս, Չինաստան եւ մի ամբողջ շարք՝ առայժմ թռիչքների համար չթույլատրված երկրներ։ Մի քանի ընկերություններ նաեւ չարթերային չվերթների թույլտվություն են խնդրել դեպի Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իսպանիա, Ֆրանսիա։

Որոշ փոխադրողներ ընթացիկ գարնանային-ամառային (գործում է մինչեւ հոկտեմբերի վերջը) չվացուցակի չվերթների թույլտվություն են խնդրում, որոշները ապահովում են աշնանային-ձմեռային չվերթները։

Հանձնաժողովի նիստը նախատեսված է սեպտեմբերի 17-ին հեռավար ձեւաչափով։

ՌԴ-ն COVID-19 համավարակի ֆոնին արտասահման բոլոր կոմերցիոն ուղեւորատար չվերթները դադարեցրել էր մարտի վերջին։ Օգոստոսի 1-ին փոխադրողներին թույլ էին տվել մի շարք ռուսական քաղաքներից թռիչքներ կատարել դեպի Լոնդոն, Անկարա, Ստամբուլ, Զանզիբար (Տանզանիա), օգոստոսի 10-ին՝ թուրքական Անթալիա, Բոդրում, Դալաման, օգոստոսի 15-ից՝ Շվեյցարիա։ Սեպտեմբերին վերսկսվել են կանոնավոր չվերթները Կահիրե, Դուբայ եւ Մալդիվներ։