Ահա, թե որքան բալի դեպքում աշակերտը կտեղափոխվի հաջորդ դասարան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի 2019-ի փետրվարի 19-ի հրամանով սահմանվել է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման վերաբերյալ: Հրամանն ուժի մեջ է մտել 2019-ի մարտի 2-ին, գործում է մինչ օրս։

Կ Ա Ր Գ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված հարաբերությունները:

II. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ


2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը` ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի, դասվարի հիմնավորված առաջարկության և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

4. Առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ Հաստատության հայեցողությամբ և սահմանած ժամանակացույցի համաձայն։ Քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից: Փոխադրական քննությունները գնահատվում են՝

1) գրավորը՝ 20 միավորային համակարգում.

2) բանավորը՝ 10 միավորային համակարգում:

5. Փոխադրական քննությունները 8-20 (բանավորի դեպքում` 4-10) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: 1-7 (բանավորի դեպքում` 1-3) միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

6. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

7. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 4-10 միավոր և ավարտական բոլոր քննություններից 4-10 և 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

8. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

9. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան) և ավարտական (9-րդ և 12-րդ դասարաններ) քննություններից: Նրանց տրվում է հավաստագիր, պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

10. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:

11. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

12. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 կամ 18-20, 4-րդ դասարանում տարեկան և գիտելիքների ստուգումից 9-10, 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 9-10, ավարտական, պետական ավարտական քննություններից 9-10 կամ 18-20 միավոր գնահատված սովորողները պարգևատրվում են Նախարարության գովասանագրով: